Պարզվել է 10 տարի առաջ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը, որի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, և 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։
Վերջին շրջանում իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը, ով, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:
Հարձակումը դյուրին դարձնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար Լևոն Սարգսյանը Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած և վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Ս.Ղ-ի միջոցով ձեռք է բերել և խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը` չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով: Ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:
Վերը նշված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործով 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Լևոն Սարգսյանին պատկանող առանձնատանը և բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում` ծալվող խզակոթով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, փողատակային նռնականետ` իր նռնակներով, տարբեր տրամաչափի ավելի քան 4000 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն` այլ հանցագործություններում զենքի գործածված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով:
Քրեական գործով բավարար ապացույցների համակցությամբ, Լևոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Հաշվի առնելով, որ վերջինս տևական ժամանակ բացակայում է ՀՀ-ից, և գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մեղադրանք է առաջադրվել նաև Լևոն Սարգսյանի ազգական Ս.Ղ-ին, վերջինս կալանավորվել է:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ, գործի համար կարևորագույն նշանակություն ունեցող մյուս հանգամանքները, ինչպես նաև առնչակից այլ անձանց պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։